Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ձեռնարկում են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների կյանքի պայմանների բարելավմանն ու հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանը։
Ըստ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Լենստոն Ղուլյանի, արդեն մի քանի տարի է, ինչ ղարաբաղյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամները բուժման նպատակով մեկնում են հայտնի առողջարան՝ Սակի քաղաք։ Ընդ որում, ինչպես նշել է պաշտոնյան, եթե նախկինում պետությունը ընդամենը ֆինանսավորում էր հաշմանդամների ուղևորությունները, և նրանք ինքնուրույն էին մեկնում բուժման, ապա 2009 թվականից սոցապահովության նախարարությունն է նրանց համար ձեռք բերում առողջարանների ուղեգրեր։
«Այս տարի Սակի են ուղարկվել առաջին կարգի հաշմանդամների երեք խմբեր, իսկ չորրորդը կմեկնի սեպտեմբերի 16-ին։ Նրանք, ովքեր արդեն վերադարձել են, շատ գոհ են։ Նրանք բուժում են ստացել, լիարժեք կերպով հանգստացել են, տեսել են Ղրիմը»,- նշել է Լենստոն Ղուլյանը։



























