Ձանձրույթը կարող է նպաստել ընտրողների շրջանում քաղաքական հայացքների փոփոխությանը։ Նման եզրակացության են եկել իռլանդացի եւ բրիտանացի գիտնականները անցկացրած հետազոտության արդյունքում։

Հետազոտության մոտ 100 մասնակիցներ պետք է նշեին իրենց քաղաքական հայացքները՝ իրենց լիբերա՞լ են համարում, թե՞ պահպանողական։ Պարզվել է, որ ձանձրույթի ցածր մակարդակ ունեցող խմբին պատկանող լիբերալները ավելի չափավոր հայացքների են հարում՝ ի տարբերություն ձանձրույթի բարձր մակարդակ ունեցող խմբի լիբերալների, հայտնում է Planet-today–ը։

Հետազոտության հեղինակները հարցում են անցկացրել նաեւ մոտ 900 մարդկանց շրջանում, որոնք արմատական քաղաքական հայացքների են հարում։ Մեկ այլ հարցումը պարզել է, որ ձանձրույթի հակումը կապ ունի քաղաքական ծայրահեղականության հետ։

Ձանձրույթը մարդկանց ստիպում է փնտրել միջոցառումներ, որոնք բնութագրվում են որպես հետաքրքրաշարժ եւ նպատակասլացության զգացողություն տվող։ Իսկ քաղաքական գաղափարախոսները տալիս են այդ էքզիստենցիալ բավարարվածությունը։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ քաղաքական ծայրահեղականության ձգտումը մարդկանց հնարավորություն է տալիս ձանձրալի իրավիճակում նորից իմաստավորել իրենց գոյությունը։ Առանձին քաղաքական ծայրահեղականներ եւ  խմբեր հաճախ առօրյա կյանքում առաջնորդվում են ձանձրույթով եւ կյանքը հագեցնելու ձգտումներով։