Լոնդոնի դատարանը Սաուդյան Արաբիայից գործարարին պարտավորեցրել է ապահարզանի համաձայնության շրջանակում 68 մլն դոլար վճարել նախկին կնոջը: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, սա, թերեւս, ամենախոշոր փոխհատուցումն է Բրիտանիայի ամուսնալուծության դատական պրակտիկայում:

Միլիարդատեր Վալիդ Ջուֆալին ամերիկյան նախկին մոդել Քրիստինա Էստրադայից բաժանվել է երկու տարի առաջ, շարիաթի օրենքներով:

Դատարանում կինը պնդել է, որ Ջուֆալին իր հետ ամուսնալուծվել է առանց իր գիտության, երկրորդ անգամ ամուսնացել եւ փորձել օգտագործել դիվանագիտական անձեռնմխելիությունը, որպեսզի առաջին կնոջը հնարավորություն չընձեռի ապահարզանի գործընթաց սկսել:

Ըստ Financial Times-ի, Էստրադան նախկին ամուսնուց պահանջել է ցմահ փոխհատուցում տրամադրել՝ տարեկան 1.3 մլն դոլարի չափով, պատճառաբանելով, որ այդ միջոցներն իրեն անհրաժեշտ են հագուստ գնելու եւ 5 մեքենայից կազմված ավտոպարկը սպասարկելու համար: