Այն բանից հետո, երն ԱՄՆ այցելած ձեռներեցին ձերբակալել են «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու կասկածանքով, ԱՄԷ իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել արտասահման մեկնելիս հրաժարվել տղամարդկանց ավանդական հագուստ՝ երկար սպիտակ վերնաշապիկ, գլխաշոր ու գլխակապ հագնելուց:
al-Bayan թերթը գրում է, որ տղամարդուն ձերբակալել էին անցած շաբաթ Էյվոնում, Օհայո նահանգում: Հյուրանոցի աշխատակցուհին զանգահարել էր փրկության ծառայություն ու հայտնել, որ տղամարդը իր կարծիքով կարող է կապ ունենալ ԻՊ-ի հետ: Gulf News թերթն էլ հրապարակել է ավանդական հագուստով տղամարդու լուսանկարը, որտեղ երեւում է, թե ինչպես են նրան գետնին պառկացրել ու ձեռնաշղթա հագցրել: Տեղական թերթերը հայտնել են, որ Էյվոնի ոստիկանությունն ազատ է արձակել տղամարդուն՝ հասկանալով իր սխալը, սակայն նա ուշագնաց է եղել ու ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: The National թերթը հայտնել է, որ 41-ամյա Ահմեդ Ալ Մենխալին ԱՄՆ էր եկել բուժման նպատակով:
ԱՄԷ արտգործնախարարությունը թվիթերում խորհուրդներ է հրապարակել արտասահման մեկնող քաղաքացիների համար: «Այն քաղաքացիներին, որոնք երկրի սահմաններից դուրս են մեկնում, անվտանգության նկատառումներով խորհուրդ ենք տալիս ավանդական հագուստ չկրել, մանավանդ հասարակական վայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է Reuters–ը:



























