Այսօր` հուլիսի 11-ին նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այն հորինել են ֆրանսիացիները` 1995 թվականին:

Կարծիք կա, թե առաջինն ացտեկներն են սովորել շոկոլադ պատրաստել: Նրանք դա կոչում էին «աստվածների սնունդ»: Իսպանացի կոնկիստադորները, որոնք այն առաջին անգամ Եվրոպա հասցրեցին, այդ քաղցրավենիքը կոչեցին «սեւ ոսկի» եւ օգտագործում էին ֆիզիկական ուժերը եւ դիմացկունությունն ամրապնդելու համար: Եվրոպայում շոկոլադի օգտագործումը սահմանափակվում էր արիստոկրատական շրջանակներով: Աչքի ընկնող կանայք շոկոլադը ցանկահարույց միջոց էին համարում, հայտնում է   Calend-ը:   

Միայն 20-րդ դարի սկզբին արդյունաբերական արտադրության առաջացման շնորհիվ շոկոլադ կարողացան վայելել նաեւ արիստոկրատների թվին չդասվող մարդիկ: 

Ժամանակակից գիտության համաձայն, շոկոլադում տարրեր կան, որոնք նպաստում են հանգստին եւ հոգեբանական վերականգնմանը: Շոկոլադի մուգ տեսակները խթանում են էնդորֆինների` երջանկության հորմոնների արտազատումը: Հիպոթեզ կա, թե շոկոլադը «հակաքաղցկեղային» ազդեցություն ունի եւ ի վիճակի է դանդաղեցնել ծերացման գործընթացները:

Բայց մի բանում գիտնականները միակարծիք են. այն, որ շոկոլադը չի նպաստում մարմնի զանգվածի նվազմանը: Չէ որ շոկոլադը հարուստ է սննդանյութերով, այդ թվում` ճարպերով, նշանակում է ` կալորիաներով: 

Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանում Գինեսի ռեկորդ է գրանցվել. «Գրանդ Քենդի» ձեռնարկությունը  4 տ 410 կգ կշռող շոկոլադե սալիկ էր պատրաստել: Բնական շոկոլադե սալիկի լայնությունը 2750 մմ էր, երկարությունը` 5600 մմ, հաստությունը` 2750 մմ: Շոկոլադե սալիկը պատրաստվել էր  4 օրվա ընթացքում կակաոյի բնական հատիկներից, որոնք Աֆրիկայից էին բերվել: