Հուլիսի 13-ին Երեւանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայանալու է «Օտրի Տրիո» անսամբլի շնորհանդեսը: Ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը, ջութակահար Անժելա Հովհաննիսյանը եւ ալտահար Արեւիկ Կոսյանը Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտներ են: Համերգին նրանք ունկնդիրներին հաճելի երաժշտություն եւ արտասովոր անակնկալ են խոստանում:
Արեւիկը, Անժելան եւ Ռուզաննան NEWS.am-ի թղթակցին պատմել են, թե ինչպես է ստեղծվել կանացի տրիոն, ինչով է տարբերվում մյուսներից եւ ինչի մասին են մտածում երաժիշտները համերգների ժամանակ:
Ինչո՞ւ հենց «Օտրի Տրիո»:
Արեւիկ. Օտրին լատվիերեն ծագումով բառ է եւ նշանակում է այլընտրանքային: Այն հստակ բնութագրում է մեր անսամբլը, քանի որ մենք դասական դաշնամուրային տրիո չենք` դաշնամուր, ջութակ եւ թավջութակ, այլ ֆլեյտային` ֆլեյտա, ջութակ եւ ալտ: Այլ կերպ ասած` դասական տրիոյի այլընտրանքային տարբերակ:
Ռուզիկ. Տրիոն հետաքրքիր է նրանով, որ ունի յուրահատուկ հնչողություն, այն փողային և լարային գործիքների հետաքրքիր համադրություն է կազմում։ Ընդ որում՝ մյուս գործիքների պակասը չի զգացվում։
Անժելա. Ի դեպ՝ Հայաստանում նման անսամբլ չկա, ինչն ինքնըստինքյան մեզ բացառիկ է դարձնում։
Անժելա Հովհաննիսյան
Հիշո՞ւմ եք, թե ինչպես է ծնվել միասին նվագելու գաղափարը, եւ ո՞վ է մտածել խմբի անվանումը։
Անժելա. Ամեն ինչ հանպատրաստից ստացվեց։ Մենք վերադառնում էինք տուն Ռուզիկի ավարտական քննությունից...
Արեւիկ. Դա գարնանն էր, ինչն էլ, ըստ երեւույթին, իր արդյունքն ունեցավ. Գարնանը միշտ ինչ-որ նոր բան ես ուզում։ Այդպես մենք երեքով քայլում էինք այգով, երբ Ռուզիկն ու Անժելան առաջարկեցին, իսկ գուցե մի բա՞ն նվագենք մեր կազմով։ Միանգամից մտքներովս Բեթհովենի «Սերենադն» անցավ, որը հենց ջութակի, ֆլեյտայի եւ ալտի համար է գրված։
Անժելա. Ավելի ուշ մենք այդ մասին պատմեցինք մեր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին։ Մաեստրոյին շատ դուր եկավ մեր մտահաղացումը և նա նվագախմբի աշխատակազմի հետ ակտիվորեն աջակցեց մեզ:
Արեւիկ. Սովորաբար ամեն ինչ այսպես է ստացվում. կա ստեղծագործություն, ըստ դրա էլ հավաքվում է կոլեկտիվը։ Մեզ մոտ հակառակն էր. սկզբում որոշեցինք հավաքվել, հետո սկսեցինք փնտրել ստեղծագործությունը, որը գրված կլիներ մեր կազմի համար։

Դուք նվագախմբից դո՞ւրս եք։
Ռուզիկ. Ոչ, մենք նվագախմբին կից անսամբլ ենք։
Որեւէ տեղ արդեն ելույթ ունեցե՞լ եք։
Արեւիկ. Այո՛, «Փոքր Մհեր» կրթահամալիրում։ Նվագել ենք համերգ-զրույց ձեւաչափով, այսինքն՝ շփվել ենք դպրոցականների հետ, ներկայացրել մեր գործիքները, խոսել ենք կոմպոզիտորների մասին, պատասխանել հարցերի։ Կարծում եմ՝ մենք կշարունակենք այդ պրակտիկան, իսկ հեռանկարում դա ավանդույթի կվերածենք։ Նման մի բան էլ ուզում ենք կազմակերպել թանգարաններում։
Ի՞նչ եք նվագելու անսամբլի շնորհանդեսի ժամանակ։
Անժելա. Համերգը կսկսենք հենց Բեթհովենի «Սերենադից», կնվագենք Մաքս Ռեգերի «Սերենադը», կհնչի Նինո Ռոտտայի ստեղծագործությունը։ Մենք նաեւ անակնկալ ենք պատրաստել մեր հյուրերի համար։ Ի դեպ՝ Ռեգերի «Սերենադը» պրեմիերա կլինի։
Կպարզաբանե՞ք…
Ռուզաննա. Այն Հայաստանում երբեք չեն նվագել։ Համենայն դեպս՝ վերջին 10 տարվա ընթացքում։
Ռուզաննա Թովմասյան
Դուք համագործակցո՞ւմ եք ժամանակակից կոմպոզիտորների հետ։
Անժելա. Մեր ընկեր, գործընկեր եւ կոմպոզիտոր Մերի Դոլմազյանն Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը» փոխադրեց մեր կազմի համար։
Ռուզիկ. Ընդհանուր առմամբ, մեզ հետաքրքիր է ցանկացած նոր բան, եւ մենք ուրախ կլինենք ցանկացած առաջարկի համար:
Դուք երեքով եք... ի՞նչ սկզբունքով է որոշվում, թե ինչ եք նվագելու:
Ռուզիկ (ծիծաղում է). Մենք երեք հոգի ենք, բայց 4 կարծիք ունենք։
Արեւիկ. Հաճախ Անժելան իր կարծիքն է հայտնում, Ռուզիկը՝ իրենը, որը, որպես կանոն, լրիվ հակադիր է, հետո նրանք նայում են ինձ, եւ իմ ձայնն ավտոմատ կերպով վճռորոշ է դառնում։
Անժելա. Ընդ որում, Արեւիկն ում կողմն էլ հակված լինի, այնքան փաստարկներ է բերում, որ բոլոր տարաձայնությունները միանգամից լուծվում են։
Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչի՞ մասին են երաժիշտները մտածում համերգի ժամանակ։
Անժելա. Երաժշտության:
Իսկ ի՞նչ է նշանակում մտածել երաժշտության մասին։
Արեւիկ. Նույն մտքին հետեւել։ Մենք անսամբլ ենք։ Չի կարող մեզանից մեկը նվագելիս պատկերացնել փոթորկող ծով, մյուսը՝ որսորդություն, երրորդը՝ պար։ Բոլորի մոտ պետք է նույն միտքը լինի։
Արեւիկ Կոսյան
Դուք նախապես պայմանավորվո՞ւմ եք։
Անժելա. Սկզբում մենք աշխատում ենք կատարման տեխնիկայի վրա, իսկ հետո մտածում, թե ինչի մասին ենք նվագում։ Կիսում ենք զգացողությունները, ընտրում ենք այն, ինչը բոլորին գոհացնում է։ Օրինակ՝ Բեթհովենի «Սերենադի» առաջին մասը մեզ մոտ որսորդության հետ է ասոցացվում։
Արեւիկ. Փորձերից մեկը մի դասասենյակում էր ընթանում, որտեղ Բեթհովենի նկարն է կախված։ Հիշում եմ, որ նվագելուց առաջ Ռուզիկը դիմեց նկարին՝ ասելով, նախապես ներողություն, մաեստրո։
Լավ... իսկ ի՞նչ անել, եթե ծիծաղ է բռնում։
Ռուզիկ. Այդպես հաճախ է լինում։ Աղջիկները կարող են նվագել, դրանից երաժշտությունը չի տուժում։ Իմ դեպքում, քանի որ փողային գործիք եմ նվագում, դա սպառնում է տապալել համերգը։ Ես նման պահերին մտածում եմ շատ տխուր բանի մասին, անմիջապես կենտրոնանում եմ։
Իսկ ի՞նչ է լինում, եթե բեմում ոչ եթե երեքով եք, այլ նվագախմբով։
Արեւիկ. Նվագախմբի դեպքում շղթայական ռեակցիա է տեղի ունենում։ Մեկը ծիծաղեց, մի քանի վայրկյանից ծիծաղում է ամբողջ նվագախումբը։ Մի անգամ Գերմանիայում համերգ էինք տալիս, մեր գործընկերներից մեկի կոշիկի կրունկը մնացել էր հատակի ճեղքի մեջ՝ հենց բեմում, եւ նա ոչ մի կերպ չէր կարողանում հանել: Դա բավական էր, որպեսզի նվագախմբի երաժիշտները համերգի մնացած հատվածում անընդհատ ժպտան: Վերջում մեզ մոտեցավ մի գերմանուհի եւ ասաց՝ «very funny orchestra» (շատ զվարճալի նվագախումբ է - խմբ.):

Իսկ ի՞նչն է Ձեզ զայրացնում:
Ռուզիկ. Երբ ինչ-որ լարված պահի որեւէ մեկի հեռախոսը զանգում է:
Իսկ լուսանկարե՞լը:
Անժելա. Ո՛չ, չնայած կան երաժիշտներ, որոնց ամեն ինչ է խանգարում: Ինչ-որ մեկը շարժվում է հանդիսասրահում՝ խանգարում է: Երեխան արձագանքում է երաժշտությանը՝ խանգարում է:
Արեւիկ. Ինձ դուր են գալիս երեխաների էմոցիաները: Եվ ինձ դուր չի գալիս, երբ նրանց մշտապես դիտողություն են անում՝ «Լռի՛ր, մի՛ շարժվիր»: Չէ՞ որ դա երաժշտություն է, եւ լավ երաժշտություն, որն էմոցիաներ է ծնում:
Եվ վերջին հարցը... որտե՞ղ եք երազում նվագել:
... (իրար նայելով) Նյու Յորքում:




























