«Գյումրի» բժշկական կենտրոնում հուլիսի 14-ին 30-ամյա Լուսինե Մելիքյանը, նախնական տվյալով, մահացել է երիկամի հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացած կնոջ ազգականներից մեկը:
Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ 1 ամիս առաջ կեսարյան հատումով որդի լույս աշխարհ բերած Լուսինեն երիկամների խնդիրներ է ունեցել:
«Վաղաժամ ծննդաբերություն է եղել: Ընդունվել է ծանր վիճակով, «Կարմիր խաչ» պոլիկիկլինիկայի ուղեգրով: Նրա մոտ եղել է բարձր ճնշում, անհապաղ կեսարյան հատում ենք արել, վիրահատությունից հետո գտնվել է նեֆրոլոգի հսկողության տակ: 7 օր հետո բավարար վիճակով դուրս է գրվել»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ Լուսինեն առաջին ծննդաբերության ժամանակ էլ ունեցել է խնդիրներ եւ ծանր ծննդաբերություն:
Վարդան Սարգսյանը նշեց, որ Լուսինեն վաղաժամ է ծննդաբերել: Երեխան ծնվել է շնչառական խնդիրներով, ունեցել է 1կգ 700 գ քաշ, հարազատների ցանկությամբ տեղափոխվել է Երեւան: Նորածին տղան արդեն լավ է, գտնվում է տանը: Լուսինեն նաեւ 5-ամյա որդի ուներ:































