Հայկական ԱԷԿ-ում ոչ մի ստուգում չի իրականացվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայկական ԱԷԿ-ի տնօրենի տնտեսական եւ ֆինանսական հարցերով տեղակալ Վարդան Մովսիսյանը` պատասխանելով կայանի նախկին ղեկավարության ծախսերի վերաբերյալ քրեական գործի մասին հարցին:
Այն հարցին, թե արդյոք իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հաշվետվությունների ստուգումներ, Մովսիսյանը հայտնել է. «Ոչ մի ստուգում չի իրականացվում: Քրեական գործ կար, որն իր զարգացումը ստացավ: Բայց ատոմակայանի ներկայիս գործունեության վերաբերյալ ոչ մի կասկած չկա»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության եզրակացության համաձայն, ատոմակայանի նախկին ղեկավարությունը պետությանը 783 մլն 586 հազար դրամի (մոտ 1,64 մլն դոլար. խմբ) վնաս է հասցրել, որն ամբողջությամբ վերականգնվել է: Գործը փոխանցվել է դատարանին:
ԱԱԾ-ի ղեկավարությունը որպես հանցավոր խմբի անդամ նշել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանին, առեւտրական տնօրեն Ռ. Մովսիսյանին, տնօրենի ֆինանսական եւ տնտեսական հարցերով տեղակալ Մ. Մովսիսյանին, վերանորոգման, նախապատրաստության եւ կարգավորման բաժնի պետ, գնումների համար պատասխանատու Է. Ղազարյանին:





























