Նորածնի առքուվաճառքի գործով մեղադրյալ, երեխայի մոր՝ Ալլա Կարապետյանի եւ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի միջեւ առերեսումը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ալլա Կարապետյանի փաստաբան Աննա Ջուվանովան:
Հուլիսի 18-ին նշանակված առերեսումը տեղի չի ունեցել, քանի որ մեղադրյալ Գոհարիկ Խաչատրյանին չեն կարողացել կալանավայրից տեղափոխել ոստիկանություն:
Թե երբ տեղի կունենա առերեսումը, այս պահին հայտնի չէ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ Գոհարիկ Խաչատրյանին:
Հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին եւ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել էին: Կարինե Անտոնյանն ավելի ուշ ազատ էր արձակվել:
Մեղադրանք է առաջադրվել նաեւ նորածնին վաճառելու մեջ կասկածվող Ալլա Կարապետյանին ու նորածնին գնելու մեջ կասկածվող Քրիստինե Կ.-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:





























