Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին ու նրա կնոջը վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդի՝  Գեւորգ Գեւորգյանի համար դատարանը 3,5 տարի ժամկետով ազատազրկում է պահանջել:

Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ամբաստանյալի պաշտպան Գեորգի Մելիքյանը:

Բացի այդ, դատախազը պահանջել է նաեւ 3 տարով նրան զրկել վարորդական իրավունքից: 

Նշենք, որ ամուսինները վրաերթի էին ենթարկվել 2015թ. հոկտեմբերի 25-ին: Նրանք գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ էին ստացել: Հիվանդանոցում օրեր անց Մհեր Մկտրումյանը մահացել էր, կինը մոտ մեկ ամիս անց ապաքինվել, դուրս էր գրվել հիվանդանոցից:

Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Ըստ մեղադրանքի նա թույլ է տվել խախտում, հանդիպակաց ուղեմասով ընթացող ավտոմեքենաների լույսերից շլացած վիճակում շարունակել է երթեւեկությունը, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում չի նկատել Վարդանանց փողոցի 69/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածով` իր երթեւեկության նկատմամբ աջից դեպի ձախ փողոցը հատող հետիոտններ Մհեր Մկրտումյանին եւ Գայանե Մադաթյանին, վրաերթի է ենթարկել նրանց:

Գեւորգ Գեւորգյանը պնդում է, որ ինքը հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը, քանի որ հանդիպակաց մեքենայի լույսերը շլացրել են աչքերը եւ տեսանելիությունը վատ է եղել: