Գյումրիի «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում» այս տարվա մարտի 12-ին մահացած նորածնի դեպքով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավաաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

«Քննիչն անհասկանալի պատճառներով չէր նշանակում փորձաքննություն, որը կպարզեր, թե արդյոք բժշկական սխալ կա, թե ոչ, ինչի հետեւանքով է մահացել երեխան, բժիշկների թերացում եղել է, թե ոչ: Չեմ կարծում, որ դիտավորություն է, ենթադրում եմ՝ անգործության հետեւանք է»,- ասաց փաստաբանը:

Արայիկ Զալյանն անձամբ հուլիսի 1-ին միջնորդել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միջնորդությունը բավարարվել էր:

Ավելի վաղ նորածնի հայրը՝ Հակոբ Պետրոսյանը լրագրողներին պատմել էր, որ կինը ծննդաբերել է Գյումրիի բժշկական կենտրոնում կեսարյան հատումով: Վիրահատությունից հետո բժիշկները վստահեցրել են, որ թե որդու, թե կնոջ առողջական վիճակը բավարար է: Ավելի ուշ, սակայն, բժիշկները երեխային տեղափոխել են Ավստրիական հիվանդանոց տեղափոխել, որտեղ էլ ժամեր անց նորածինը մահացել է:

Պետրոսյանները համոզված են՝ բժիշկների թերացման հետեւանքով է նորածինը մահացել:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: