Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ՆԱՏՕ-ին այլ ընտրության հնարավորություն չի տալիս, քան այդ երկրին դաշինքի կազմից հանելը, փոխանցում է The Telegraph-ը:

Նշվում է, որ 1952 թվականին ՆԱՏՕ-ի կազմ Թուրքիայի մտնելուց ի վեր նրա անդամակցությունը դիտարկվել է որպես արտաքին սպառնալիքներից Եվրոպան պաշտպանելու ամրոց: Երկրի մերձավորությունը  արյունահեղ հակամարտությունների գոտուն, որորնք բռնկվեցին Իրաքում եւ Սիրիայում, վերստին ընդգծեցին դաշինքում Թուրքիայի մնալու կարեւորությունը, հատկապես «Իսլամական պետությունից» բխող ահաբեկչական սպառնալիքի լույսի ներքո:

Այն փաստը, որ Վաշինգթոնը բացահայտ խոսում է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հնարավոր կասեցման մասին, ցույց է տալիս, թե անցած շաբաթ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո որքան են վատացել Անկարայի եւ նրա արեւմտյան դաշնակիցների հարաբերությունները, շարունակում է հեղինակը:

Մի խումբ դժգոհ զինծառայողների նախաձեռնած հեղաշրջումը տապալվեց: Սակայն դրան հետեւեց մեկ այլ հեղաշրջում, որը ընդդիմախոսների դեմ ծավալեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Զտումն արդեն առնչվել է հազարավոր զինծառայողների, ոստիկանների, իրավաբանների, կրթական հաստատությունների աշխատակիցների: Զերծ չմնաց նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները. առաջին՝ Վաշինգթոնին մեղադրեցին ապստամբներին աջակցելու մեջ, երկրորդ՝ անջատվեց Ինջիրլիք ռազմակայանի էլեկտրականությունը:

Հարցն այն է, թե արդյոք ՆԱՏՕ-ն վճռական կգտնվի՞ եւ իր շարքերից կվռնդի՞ խնդրահարույց, սակայն իսկապես կարեւոր անդամին: Առաջին անգամ չէ, որ Անկարայում քաղաքական անկայունությունը հարկադրում է դաշինքին վերանայել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Այսպես 1960 թվականին Թուրքիայում կախաղան բարձրացվեց վարչապետ Ադնան Մենդերեսը, որը հարուցեց ՆԱՏՕ-ի տագնապը: Սակայն եւ՛ այդ, եւ՛ այլ դեպքերում դաշինքը հասկանում էր, որ Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից հանելը նրան կնետի Ռուսաստանի կամ մերձավորարեւելյան որեւէ երկրի գիրկը, ուստի աչք էր փակում քաղաքական թերությունների վրա:

ՆԱՏՕ-ի այլ անդամների թվում Էրդողանի ոչ ժողովրդականությունը բարձր է, եւ Թուրքիան հայտնվել է դաշինքից հեռացվելու իրական հեռանկարի առջեւ: Եթե Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, նրան կհաջողվի Թուրքիան պահել ՆԱՏՕ-ի կազմում, կանխատեսում է հեղինակը: