Արթիկի` հունիսի 24-ի հեղեղումից տուժած տներն ավելի մեծ վնաս են կրել, քան բնակիչները պատկերացնում էին: Բնակիչներից Սիլվա Հակոբյանը NEWS.am-ին ասաց, որ ստիպված են եղել ամբողջությամբ քանդել տան հատակը, նոր կոյուղագիծ անցկացնել:

«Զրոյից տունը սարքում ենք: Կոյուղագծերը վնասվել էին ամբողջությամբ, հիմա նոր կոյուղագիծ ենք անցկացնում: Ննջասենյակների  հատակը քանդել ենք ամբողջությամբ, որովհետեւ տիղմ էր լցված, չէինք կարող թողնել այդպես, պետք է նոր բետոն անենք: Պատերն են խոնավությունից քանդվում, պետք է նորից վերանորոգենք հիմնովին, բաղնիքն էլ նորից պիտի քանդենք, վերանորոգենք»,- ասաց բնակչուհին:

Տիկին Սիլվայի խոսքով` իրենց առնվազն քսան հազար դոլար անհրաժեշտ կլինի տունը հին տեսքին բերելու համար, մինչդեռ ինը հազար դոլարի չափով են փոխհատուցում ստացել: Վարչապետի վերջին հանդիպումից հետո էլ խոստացված հավելյալ փոխհատուցման մասին նրանց ոչ մի նոր բան չեն ասել:

Տիկին Սիլվայի տան հարեւանությամբ ապրող Բիշախչյանների տան նկուղում էլ մինչեւ հիմա հեղեղի բերած ավազն ու քարերն են լցված: Նրանք նույնպես ամբողջությամբ քանդել են տան հատակը, սպասում են չորանա, որ կարողանան վերանորոգման աշխատանքներ սկսել:

Նշենք, որ սելավատարը, որը լցվել էր քարերով եւ հեղեղում առաջացրել, բացվել էր մոտ մեկ շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները: Ջուրն ու դրա խիճը լցվել էր տներ, ամբողջությամբ վնասելով պատերը, տան գույքը: Արթիկցիների նկուղները մինչեւ հիմա ջրի մեջ են: Ջրալցվել է ոմանց անասնագոմը, անասունները՝ մեջը: Արթիկցիները մինչեւ 4 միլիոն դրամի փոխհատուցում են ստացել, որից դժգոհ են եւ համարում են, որ դրանով կրած վնասի կեսն էլ չեն կարող վերականգնել:

Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի,  որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ: