«Սասնա ծռեր» խմբի անդամները մեր թշնամին չեն, բոլորը կռված տղերք են, նրանք հարցեր ունեն, պետք է պատասխանների սպասենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին իշխանությունների լռությանը նա նշեց. «Ինչու՞ մինչ օրս երկրի առաջին դեմքերը, կուսակցության առաջնորդները չեն խոսել, ասել՝ ժողովուրդ, հանգիստ եղեք, այս ամենը գնահատվում է, քայլեր են արվում: Ժողովուրդը կարիք ունի ընտանիքի մեծի ձայնը լսելու»:

Նա կարծիք հայտնեց, որ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվողները պետք է վայր դնեն զենքերը եւ խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով. «Ապրիլյան չորսօրյա մեր վերելքից հետո հանկարծ նորից փոսի մեջ ընկանք։ Մեծ աշխարհը մեզ տեսնում է որպես վտանգավոր երկիր, դրանից պակասում է եւ զբոսաշրջիկների հոսքը, եւ ներդրումները, եւ կորցնում ես քո ռեյտինգը որպես երկիր, որը խաղաղ է, իսկ Հայաստանը միշտ խաղաղ է եղել՝ նույնիսկ պատերազմի ժամանակ»։

Զենքերը վայր դնելու կոչին միացավ նաեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը. «Ես դատավոր չեմ, չեմ կարող որեւէ մեկի քայլը դատապարտել, բայց ես ուզում եմ տղաներին ասել՝ վայր դրեք զենքերը, հերոսացեք, առաջին քայլը դուք արեք, գնացեք երկխոսության։ Եթե վաղը նպատակդ չստացվի, ի՞նչ ես անելու այդ պատանդի հետ, սպանելո՞ւ ես»։