ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 21-ին քաղաքացիների ահազանգերի հիման վրա այցելել է ոստիկանության ստորաբաժանումներ՝ տեղում իրավիճակին, ինչպես նաեւ բերման ենթարկված քաղաքացիների վիճակին ծանոթանալու համար:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակից:

Բացի այդ, օմբուդսմենը այցելել է նաեւ բժշկական հաստատություններ ու ծանոթացել հուլիսի 17-ին եւ նախօրեին ոստիկանության ու քաղաքացիների միջեւ բախումներից  հետո այնտեղ տեղափոխված ոստիկաններին և ցուցարարների առողջական վիճակին:

Մասնավորապես, ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից դուրս գալուց հետո Արման Թաթոյանը նշել է, որ այստեղ բերման են ենթարկել 25-30 քաղաքացիների: Բաժանմունքում նրանց նկատմամբ բռնություն չի եղել, միայն տեղեկություն ունեն, որ բաժին բերելու ժամանակ են եղել բռնություններ։

Դիտարկմանը, որ շատերի հարազատները չգիտեն, թե որտեղ են իրենց որդիները, օմբուդսմենը պատասխանել է, որ  ոստիկանությունում խոստացել են, որ բերման ենթարկվածներին կվերադարձնեն կապի միջոցները:

 Այս պահին ՄԻ պաշտպանը Էրեբունի հիվանդանոց է ուղեւորվել: