ՀՀ Վարչական դատարանում, հուլիսի 21-ին նախագահությամբ՝ դատավոր Կ. Բաղդասարյանի, հրապարակվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝  ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության գործով դատարանի վճիռը, որով մասնակիորեն բավարարվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, դատարանը պարտավորեցրել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը տրամադրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկատվության հարցման 1-6-րդ կետերով պահանջված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի, 309-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի եւ 341-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի քանակի, դրանցով առաջադրված մեղադրանքների մասին:

Մասնավորապես, թե դրանցից քանիսով է ավարտվել նախաքննությունը, քանիսով է կազմվել մեղադրական եզրակացություն եւ քանիսով է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու որոշում: Դատարանի վճռով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հօգուտ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կբռնագանձվի նաեւ 2.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հիշեցնենք, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի, 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի ու 341-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործերի վերաբերյալ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել, իսկ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2015 թվականի ապրիլի 29-ին ներկայացված վարչական բողոքի վերաբերյալ մինչ օրս Կազմակերպությունը որեւէ պատասխան չի ստացել: