Այսօր հավանաբար մեղադրանք կառաջադրեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին եւ կալանավորման միջնորդություն կներկայացնեն դատարան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով, մի քանի օր առաջ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրեց Եղնուկյանի տանը, զոքանչի տանը, 2 մեքենաներում, ավտոտնակում, որեւէ բան չիհայտնաբերել, բայց նրան ձերբակալել են:

«Կասկածանքը գրավոր չի ներկայացվել, բայց բանավոր ասվել է, որ կասկածվում է քրեական օրենսգրքի 218-րդ եւ 219-րդ հոդվածների 3-րդ մասերով, որոնք վերաբերում են պատանդներ պահելուն աջակցելուն, մյուսը՝ շինություններ պահելուն աջակցելը: Չեն նշել, թե նա ինչ գործողություններ է կատարել, բայց բանավոր հարցադրումներից պարզ դարձավ, որ նա ինչ-որ ձեւով փորձել է վերջին օրերին ինչ-որ բանով օգնել զինված խմբի անդամներին: Նա հեռախոսակապ է ունեցել Վարուժան Ավետիսյանի հետ, փորձել է լուծել սննդի հարցը: Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարեց, որ Եղնուկյանը դիմել է իրեն սննդի հարցը լուծելու համար:

Իրավաբանական առումով ասվում է, որ նա ոչ թե աջակցել է, այլ աջակցելու փորձ է կատարել: Այսինքն կասկածանքից հստակ երեւում է, որ նա որեւէ բան չի կատարել, այլ ցանկացել է կատարել: «Աջակցելու փորձ» տերմին իրավաբանության մեջ չկա»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դեռ մեղադրանք առաջադրված չէ, բայց ինչում մեղադրում են, իրավաբանական անգրագիտություն է:

«Ասում են՝ Կարո Եղնուկյանի դիտավորությունը եղել է, որ պատանդներին պահեն: Եթե մենք այսպես լուսաբանենք, ապա կամայական անձ, որը փորձում է արյունահեղությունը դադարեցնել, կարելի է մեղադրանք առաջադրել: Չի կարելի իրավաբանությունն այսպես լայն մեկնաբանել»,-ընդգծեց Հայրապետյանը:

Նա նշեց, որ ըստ 218-րդ հոդվածի՝ եթե բոլոր պատանդներին զինված խմբի անդամները թույլ տան հեռանալ, ուրեմն վերանում է հանցագործությունը. «Այսինքն կարող են Եղնուկյանին կալանավորել, իսկ հաջորդ օրը պատանդներին ազատ արձակեն»:

Փաստաբանը նշեց, որ Կարո Եղնուկյանի խոսքով իր հեռախոսը գաղտնալսվել է ու ասվածը հիմնավորելու համար նշել. «Իշխանությունները որոշել էին, որ բանակցություններ պիտի լինեն, բայց ինչ-որ պահի Կարո Եղնուկյանը զանգել է Վարուժան Ավետիսյանին եւ ասել, որ շարժ կա, այսինքն խախտվել է բանակցությունների պայմանավորվածությունը: Եղնուկյանն անմիջապես զանգել է մի տղայի, որ բարձրախոսով հայտարարի այդ մասին, բայց անմիջապես ոստիկանության պետի տեղակալը մոտեցել է այդ տղային ու ասել, որ բանակցությունները շարունակվում են»:

«Եղնուկյանն այնպիսի գործողություններ է իրականացրել, ինչպիսիք բազմաթիվ իրավապաշտպաններ, լրագրողներ ու պատգամավորներ: Այսինքն ով հեռախոսային կապ է ունենում զինված խմբի հետ, հնարավոր է քրեական հետապնդման ենթարկվի, դա որակվի աջակցություն, սա իրականում վախի մթնոլորտ սփռել է»,-ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ հոդվածներով պատիժը 8-15 տարի է:

Նշենք, որ Կարո Եղնուկյանը 1988-ից ԱԻՄ-ի անդամ է, ակտիվ գործունեություն է ծավալել ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մեծ ֆինանսավորումներ է իրականացրել: Լինելով ԱՄՆ քաղաքացի, վերջին 10 տարում ընտանիքով վերադարձել ու ապրում է Հայաստանում: