Բողոքում են շատերը, գործում քչերը, իսկ «Սասնա ծռերի» տղաները հենց այդ քչերից են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասանուհի Լալա Մնացականյանը` անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը:

«Պավլիկը տղային տարել է իր հետ: Որ մեկս մեր տղային կտանեինք: Եթե զավակիդ տանում ես հետդ, ուրեմն ելք չես տեսնում: Ինչքան է ուրեմն այդ մարդու մեջ բողոքը մեծ»,- ասաց նա՝ իշխանություններին հորդորելով բանակցությունների գնալ:

«Դիմում եմ նախագահին` ինչու չեք խոսում, ինձ դա շատ է հետաքրքրում, ինչու չեք գնում բանակցությունների: Էս ամբողջ գործողությունների նպատակն այն է, որ վերջին կաթիլը չպայթի, որովհետեւ դա է արյունահեղություն բերելու»,- ասաց դերասանուհին:

Հանդիպմանը ներկա` երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ նշեց, որ կարծում է` «Սասնա ծծռերի» տղաներն իրենց կյանքի գնով հարց են բարձրացրել եւ իշխանության վարկանիշը չի ընկնի, եթե բանակցի. «Մեր իշխանության վարկանիշը կբարձրանա, եթե գնան զիջումների ու քաղբանտարկյալներին ազատեն: Շարմազանովի ելույթը լսեցի, փարիսեցիություն էդ ծայրից ծայր, ասում է` ապավինում ենք Աստծուն, որ լինի սեր ու հանդուրժողականություն»: Պիպոյանի խոսքով, լավ կլինի, եթե իշխանությունները ազատ արձակեն Ժիրայր Սեֆիլյանին ու նա մասնակցի բանակցություններին:

Բանակցելու այս տարբերակին համամիտ է նաեւ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

«Պետք է Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեն, գնա, նստի, խոսի տղաների հետ, թե ինչ պիտի անեն: Տղաները ահաբեկիչ չեն, նրանք էլ են խաղաղություն ուզում: Ես ներքին զգացում ունեմ, որ իրենց ընդվզումը կապ ունի շրջաններ հանձնելու հետ»,- ասաց նա` նշելով, որ կատարվածը նրանց հոգու ճիչն էր:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: