ԵԱՀԿ-ն ցանկանում է դիտորդներ ուղարկել հեղաշրջման մասնակիցների դեմ դատական գործընթացներին
ԵԱՀԿ-ն թույլատվություն է հայցում, որպեսզի իր դիտորդները մասնակցեն Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման մասնակիցների դատավարությանը։ «Ես կարծում եմ, եթե մենք ստանանք այդ գործընթացներին մասնակցելու թույլատվություն, դա կլինի վստահության ամրապնդման չափանիշ»,- ասել է ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների տնօրեն Միքայել Գեորգ Լինքը հուլիսի 22–ին RBB-Inforadio-ի եթերում, հաղորդում է DW–ն: Նրա խոսքով`ԵԱՀԿ-ում ցանկանում են ստանալ իրավիճակի նկարագիրը եւ քննարկել թուրքական իշխանությունների կողմից կիրառվող չափանիշները: Նա հավելել է, որ Անկարան դեռեւս չի արձագանքել ԵԱՀԿ-ի առաջարկին:
Նախկինում Թուրքիան դադարեցրել էր մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի գործունեությունը, իսկ երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Ինչպես հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոհանը, այս կերպ նա կարող է արագ եւ արդյունավետ կերպով պայքարել տապալված հեղաշրջման կողմնակիցների դեմ: Նաեւ նշել է, որ կալանքները շարունակվելու են:





























