Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ այսօր՝ հուլիսի 22-ին, տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովը քննարկել է հայեցակարգի նախագիծը հանրային քննարկումների միջոցով հանրությանը ներկայացնելու միջոցառումների կազմակերպչական ու տեխնիկական հարցերը:
Մտքերի փոխանակության արդյունքում որոշվել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումներ է անցկացնելու քաղաքական կուսակցությունների, մտավորականության, գիտական շրջանակների, դատական համակարգի, տարածքային կառավարման պատասխանատուների, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ժամանակացույցի ու վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ:





























