Երեւանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարեւանությամբ) այսօր՝ հուլիսի 23-ին, վերաբացվել է  գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ` սկսած 2011 թվականից:

Հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին  առանց միջնորդների կազմակերպել իրենց կողմից  արտադրված գյուղմթերքի իրացումը, ինչպես նաեւ մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռել անմիջապես արտադրողից ձեռք բերել թարմ եւ որակյալ գյուղմթերք:

Տոնավաճառում արդեն իսկ 120 գործող տաղավարներ կան, մասնակցում են  հանրապետության տարբեր մարզեր ներկայացնող գյուղացիական տնտեսություններ:

Գյուղմթերքի տոնավաճառ կազմակերպվում է նաեւ Կասյան փողոցի վերջնամասում, որը վերաբացվել է հունիսի 11-ին: Այստեղ  այս տարի օրական սպառվել  է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին Մաշտոցի պողոտայում եւ Կասյան փողոցում կազմակերպվել է 114 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն:

Տոնավաճառները  գործում են շաբաթ եւ կիրակի օրերին:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն անվճար է:  Տոնավաճառներին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ) եւ ստանալ համապատասխան տեղեկանքներ, որոնք կհավաստեն, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Առեւտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

Մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ:

Երեւանի քաղաքապետարանը, իր հերթին, աջակցում է տարածքի տրամադրման հարցում եւ յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: