Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը:

Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

«Քննիչը միջնորդել է, որ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրվի: Իմ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունի»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Հովսեփ Խուրշուդյանին։