Ազատության հրապարակում ի աջակցություն «Սասնա ծռերի» հանրահավաքի մասնակիցները երթ են անում կենտրոնի փողոցներով։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե բանախոսներն առաջարկել են երթ անել դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» պահանջելու Պավլիկ եւ Արամ Մանուկյաններին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, կամ երթ անել դեպի ԱԱԾ։ Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էլ առաջարկեց երթ անել դեպի Փաստաբանական պալատ։ «Զորավիգ լինենք, որ նրանց ձայնը լսելի դառնա, որ նրանք կարողանան հասնել նրան, Պավլիկին եւ նրա տղային տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց»,- նշեց նա։
Ի վերջո, որոշվեց երթն անել Սայաթ-Նովա, Նալբանդյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ եւ ետ վերադառնալ Ազատության հրապարակ։ Երթի երթուղին հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը։
Փաստաբանական պալատի մոտ ցուցարարները կհավաքվեն օգոստոսի 2-ին, ժամը 13-ին, իսկ երեկոյան ժամը 19-ին կրկին հանրահավաք է լինելու Ազատության հրապարակում։
Հ.Գ. Երթի մասնակիցները հասասն մինչեւ «Դատապարյալների հիվանդանոց», որտեղ աջակցության կոչեր վանկարկեցին՝ ի աջակցություն այնտեղ պահվող Պավլիկ եւ Արամ Մանուկյանների։
































