Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է հանցագործություններ կատարել եզդիների համայնքի դեմ, ներառյալ ցեղասպանության գործողությունները: Այդ մասին Ժնեւում հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող հանձնաժողովը: 

Այն հիշեցրել է, որ օգոստոսի 3-ին լրացել է Սինջարում` Իրաքի հյուսիսում Սիրիային սահմանակից շրջանում եզդիների դեմ ԻՊ-ի դաժան գրոհի երկու տարին: Այս տարվա հունիսի  16-ին հրապարակված զեկույցում Հանձնաժողովն այն եզրակացությանն է հանգել, որ ԻՊ-ը ցեղասպանության գործողություններ եւ մարդկության դեմ բազմաթիվ հանցագործություններ, ինչպես նաեւ այդ համայնքի դեմ ռազմական հանցագործություններ է կատարել:   

Փորձագետները դարձյալ ընդգծում են, որ եզդիների դեմ ԻՊ-ի հանցագործությունները շարունակվում են: Հանձնաժողովը նշում է, որ երկու տարի անց այդ համայնքին պատկանող ավելի քան   3200 կին եւ երեխա առաջվա պես պահվում են ԻՊ-ի կողմից եւ գրեթե աներեւակայելի բռնության են ենթարկվում:  Նրանց մեծամասնությունը Սիրիայում է, ընդ որում, կանայք եւ աղջիկները ենթարկվում են սեռական շահագործման, իսկ տղաներին ահաբեկիչները մարզում են եւ օգտագործում ռազմական գործողություններում: Հազարավոր տղամարդիկ եւ տղաներ անհետ կորել են: 

Հանձնաժողովը հիշեցնում է այն հանձնարարականների մասին, որոնք տրվել են իր հունիսյան զեկույցում: Այն հատուկ ուշադրություն է հրավիրում եզդիների դեմ ԻՊ-ի հանցագործություններն արդարադատության մարմինների կողմից շտապ քննելու անհրաժեշտության վրա, Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի վերաբերյալ կոնվենցիային համապատասխան: Նրա կարծիքով, այս գործընթացը կարող էր իրականացվել Միջազգային քրեական դատարանի կողմից կամ էլ հատուկ տրիբունալի, հայտնում է ՏԱՍՍ-ը: