Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դեբորա Գրիսերին:

Վարչապետը շնորհավորել է տիկին Գրիսերին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նա իր աշխատանքային մեծ փորձը լավագույնս կներդնի ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար: Վարչապետը կարեւորել է ԱՄՆ կառավարության՝ անցած տարիների ընթացքում Հայաստանին եւ հայ ժողովրդին ցուցաբերած օժանդակությունը եւ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկելու ԱՄՆ-ի հետ համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունները՝ տեղեկացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են հաջողությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: 

Դեսպան Միլսը կարեւորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝  ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, երկու երկրների միջեւ առեւտրային ու ներդրումային կապերի ամրապնդման ու խորացման: Դեսպանն առանձնացրել է հատկապես զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը եւ նշել, որ ներկայում դիտարկվում են նշված ուղղություններով նոր բաղադրիչներ ներառելու հնարավորություններն ու առաջարկները:

Կարեւորելով ԱՄՆ օժանդակությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում նշված ոլորտներում էական առաջընթացի հասնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Ռիչարդ Միլսը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: