Տեղի իշխանությունները Սյունիքի Տաթեւ գյուղի բնակիչներին հրահանգել են Տաթեւ վանքի եւ ճոպանուղու բացման (հոկտեմբերի 16) եւ նախորդ օրը զերծ մնալ տներից դուրս գալուց: Այդ օրը Տաթեւ է այցելելու ինքը` Սերժ Սարգսյանը:
Գյուղացիներին բացատրել են, որ հրահանգը տրվում է բացման արարողությանը ժամանող բարձրաստիճան հյուրերի անվտանգության նկատառումներից ելնելով: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը թղթակցի հետ զրույցում ասել է, որ գյուղացիներից ոչ թե պահանջել, այլ խնդրել են տներում մնալ: «Տարածքը շատ փոքր է, ուղղակի ազգաբնակչությանը խնդրվել է, որ չթափվեն այնտեղ, որպեսզի հրավիրվածները կարողանան տարածքում տեղավորվել: Հիմա, եթե ողջ ժողովուրդը գա այնտեղ, կանգնելու տեղ չի լինի: Տաթեւից եւ մոտակա գյուղերից հրավիրված են միայն գյուղապետերը: Ազգաբնակչությունը կողքից, հեռվից կարող է դիտել, բայց դե` ավելի ճիշտ կլինի, որ հեռուստացույցով դիտեն` «Հ1»-ով ցուցադրելու են»,- ասել է Տաթեւի գյուղապետը: Անհայտ է, թե ինչ կլինի, եթե գյուղացիները չկատարեն այդ խնդրանքը, գրում է թերթը:



























