Ֆլորիդայում կոկորդիլոսը գործնականում ամբողջությամբ կծել է կառամատույցում կանգնած կնոջ ձեռքը: Տուժածին արյան մեծ կորստով կրիտիկական վիճակում հիվանդանոց են հասցրել, հայտնում է ABC հեռուստաընկերությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Էվերգլեյդս բնական համալիրում` Ուիլլարդս ձկնորսական գյուղում, որտեղ հնարավոր է հասնել միայն նավակով կամ ուղղաթիռով: 

«Կինը կանգնած էր կառամատույցին, եւ տարան ձեռքից ընկավ ջուրը: Կոկորդիլոսը կծեց կնոջը, երբ նա կռացավ տարան ջրից հանելու համար», — շերիֆ Մայքլ Ջեշլեսի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում  ABC հեռուստաընկերությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Սպայի խոսքով, կինը ծանր վնասվածք է ստացել, նա գրեթե զրկվել է աջ ձեռքից: Նա արյան կորստից կորցրել է գիտակցությունը: Տուժածին` տեղի  49-ամյա բնակչուհուն ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել` Դիիրֆիլդ-Բիչ քաղաքի վնասվածքաբանական կենտրոն: