Այս տարվա հուլիսը 1880 թվականից իրականացվող օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամիսն է դարձել: Այդ մասին հայտնում են ամերիկյան օդատիեզերական NASA գործակալությունը ներկայացնող մասնագետները, հայտնում է Informing-ը:

Մինչ այդ, պատմության մեջ ամենաշոգ ամիսները համարվում էին 2015 եւ 2011 թվականների հուլիս ամիսները, որոնց ընթացքում մոտավորապես նույն ջերմաստիճանն էր արձանագրվել:

Սակայն անցյալ ամիսն էլ ավելի շոգ էր, որովհետեւ հուլիսին ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի  0,18 աստիճանով բարձր էր նախորդ ռեկորդից: Ամենաշոգ ԹՈՓ- 5-ի մեջ մտել են նաեւ 2009 թվականի հուլիսը եւ 2014-ի օգոստոսը:

Արժե նշել, որ գիտնականները շատ անհանգստացած են չափումների վերջին արդյունքներից: Մասնագետների խոսքով, տարեցտարի մոլորակի վրա ջերմաստիճանը բարձրանում է: 

Միաժամանակ գիտնականները հնարավոր են համարում այն, որ ռեկորդների հերթագայությունը դեռ ավարտված չէ, այն կշարունակվի առնվազն մինչեւ ընթացիկ տավա վերջ:  

Ինչ վերաբերում է անոմալ տաքացմանը, եթե այսօր արդեն չսկսենք լուծել ջերմոցային գազերի արտանետման հարցը, 50-60 տարուց մեր մոլորակի որոշ հատվածներ կյանքի համար լրիվ անպիտան կլինեն: