Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ եւս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետախուզում է հայտարարել: «112 Ուկրաինա»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 22-ին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:

«Բոլոր կասկածյալների նկատմամբ պետական հետախուզում է հայտարարված, դատարաններ ներկայացնելու համար միջնորդություններ են պատրաստվում՝ ձերբակալության թույլտվություն տալու մասին՝ նրանց դատարան ներկայացնելու նպատակով, որտեղ կքննարկվեն նրանց նկատմամբ որպես խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությունները»,- ասել է գլխավոր դատախազը:

Լուցենկոն նշել է, որ դատախազությունը Շոյգուին եւ եւս 17 ռուս պաշտոնյաների տեղեկացրել է այնպիսի հանցագործությունների կատարման մեջ կասկածվելու մասին, ինչպես պետական դավաճանությանը հովանավորչությունը, ահաբեկչական խմբի ստեղծումը, պատերազմի քարոզչությունը, նաեւ ագրեսիվ պատերազմի պլանավորումը, նախապատրաստումը եւ իրականացումը: Նրա խոսքով՝ համապատասխան  ծանուցագրերը հասցեատերերին են փոխանցվել օգոստոսի 10-ին եւ 15-ին: