Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն օգոստոսի 25-ին պաշտոնանկ է արել Շվեդիայում երկրի դեսպանին՝ «անհարիր վարքի» հետ կապված կասկածների պատճառով: Այս մասին հաղորդում է տեղական Yle հեռուստաալիքը:
«Շվեդիայում Ֆինլանդիայի դեսպան Յարմո Վիինանենը հետ կուղարկվի Ֆինլանդիա: Համապատասխան որոշումը կայացրել է նախագահ Սաուլի Նիինիստեն՝ Պետական խորհրդի առաջարկությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Վիինանենին կասկածում են ենթակաների նկատմամբ անհարիր պահվածքի մեջ: Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցուհիներից մեկը բողոքել է դեսպանի կողմից ոտնձգության դեմ:
Դեսպանը հրաժարվել է մեկնաբանել նախագահի որոշումը եւ, որոշ տեղեկություններով, հերքում է բոլոր մեղադրանքները:





























