Ֆրանսիական Chanel նորաձեւության տունը սեփական մեխանիզմով տղամարդու առաջին` Monsieur de Chanel ժամացույցն է ստեղծել: Առաջին անգամ այդ մոդելը ցուցադրել են   Baselworld 2016 ցուցահանդեսին: Այն վաճառքում կհայտնվի սեպտեմբերի  կեսին, հայտնում է Lenta-ն: 

Haute horlogerie մեխանիզմը` ռետրոգրադուսային րոպեական սլաքով եւ թռչող ժամի գործառույթով, ստեղծվել է   Сhanel-ի ժամագործների կողմից` Շվեյցարիայում Chatelain մանուֆակտուրայում: Փղոսկրի գույնի թվացույցն ամփոփված է 18 կարատանի ոսկե համաձուլվածքից կմախքի մեջ:  Ժամացույցի գոտին ստեղծված է կոկորդիլոսի սեւ կաշվից: Թեւնոցի ճարմանդի եւ գործարանային թագագլխիկի վրա առյուծ է պատկերված` նորաձեւության տան խորհրդանիշը:   

 Chanel նորաձեւության տունը Ֆրանսիայում 1909 թվականին հիմնադրել է մոդելավորող Գաբրիել Շանելը: Նա առաջին խանութը բացել է Փարիզում`   1910 թվականին: Շանելը կանացի նորաձեւություն է բերել գոտկատեղի վրա նստող ժակետը, փոքրիկ սեւ զգեստը, ուսին կրելի կանացի փոքրիկ պայուսակը: Ի սկզբանե նորաձեւության տունը միայն հագուստ եւ աքսեսուարներ էր արտադրում, իսկ հետո սկսեց օծանելիք, զարդարանքներ եւ ժամացույցներ թողարկել: