Լիտվայի ռազմականացված քաղաքացիական կազմակերպությունները, դրանց անդամները եւ բանակի ակտիվ պահեստազորի ներկայացուցիչները կիսաավտոմատ հրազեն ձեռք բերելու եւ այն տանը պահելու իրավունք են ստացել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Լիտվայի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զենք-զինամթերքի մասին օրենքի համապատասխան ուղղումներն ուժի մեջ են մտել հինգշաբթի օրը:
Այդպիսի իրավունք կտրվի Լիտվայի զինված ուժերի համակարգին ինտեգրված Šaulių Sąjunga («Հրաձիգների միություն») ռեզմականացված քաղաքացիական կազմակերպությանը, Մարզի պահպանման կամավորական ուժերին, դրանց անդամներին, նաեւ բանակի ակտիվ պահեստազորի ցուցակում ներառված անձանց: Օրենքով սահմանված կարգով նրանց թույլ է տրվել ձեռք բերել В եւ С կարգի կիսաավտոմատ հրազեն: Նախատեսված է իրականացնել այդպիսի անձանց նախնական ստուգում կամ համապատասխան դասընթացների հաճախում եւ քննությունների հանձնում: Հրազեն ձեռք բերելուն կխոչընդոտեն դատվածությունը, թմրակախվածության հաստատման փաստը, հոգեկան խանգարումները:
«Համանման գործընթացը երկրի պաշտպանական համակարգի բաղկացուցիչն է: Հավաքագրում հայտարարելիս նրանք արդեն զենքը ձեռքին կներկայանան՝ այն պետության պաշտպանության համար օգտագործելու համար»,- նշել է ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Արտուրաս Պաուլաուսկասը:
А կարգին դասվող հրազենը (ինքնաձիգ, գնդացիր եւ ականանետ) բացառապես բանակի տրամադրության տակ կմնան: Ուղղումների հեղինակների կարծիքով՝ նոր կարգի դեպքում պոտենցիալ հակառակորդը կզրկվի կենտրոնացված պահպանվող սպառազինությունը ոչնչացնելու հնարավորությունից:





























