Միջատաբանները պարզել են, որ Գերմանիայի հետ սահմանին գտնվող Լեհաստանի բունկերներից մեկում սննդի եւ լույսի բացարձակ բացակայության պայմաններում մրջյուններ են ապրում, հայտնում է Journal of Hymenoptera Research գիտական ամսագիրը:

Մրջյունների գաղութն ապրում է բունկերի 2,3x3x1,2 մետր չափերով, բետոնե պատերով փոքրիկ սենյակում: Բունկերային մրջյունները մրջնանոցը կառուցել են սենյակի հատակին: Գաղութը մշտապես մեծանում է հորից թափվող մրջյունների հաշվին, եւ այսօր հասնում է գրեթե միլիոնի:

«Բունկերում սատկած մրջյունների թիվը հաշվի առնելով՝ այս գաղութը գոյություն ունի տարիներ շարունակ»,- ասել են գիտնականները:

Հատակի որոշ հատվածներում սատկած մրջյունների մնացորդների շերտը հասնում է մի քանի սանտիմետրի: Գիտնականների կարծիքով՝ բունկերի մրջյունների շրջանում մահացության մակարդակը բարձր է է քաղցի եւ ցրտի հետեւանքով, սակայն մրջյունների քանակը պահպանվում է, նույնիսկ աճում՝ վերեւից թափվող աշխատող ներկայացուցիչների հաշվին: