Գերմանիայի եւ Լեհաստանի սահմանին միջատաբանները բունկեր են հայտնաբերել, որտեղ մրջյուններն ապրում են առանց սննդի եւ լույսի: Այս մասին գրում է Mignews-ը՝ վկայակոչելով Journal of Hymenoptera Research-ը:

Միջատներն ապրում են բունկերի բետոնե սենյակում: Հատակին նրանք հողից մրջնաբույն են կառուցել, որը պահում են ամբողջ տարին: Գաղութը մշտապես մեծանում է հորից թափվող մրջյունների հաշվին, եւ այսօր հասնում է գրեթե միլիոնի:

«Բունկերում սատկած մրջյունների թիվը հաշվի առնելով՝ այս գաղութը գոյություն ունի երկար տարիներ»,- նշել են գիտնականները:

Հատակի որոշ հատվածներում սատկած մրջյունների մնացորդների շերտը հասնում է մի քանի սանտիմետրի: Գիտնականների կարծիքով՝ բունկերի մրջյունների շրջանում մահացության մակարդակը բարձր է քաղցի եւ ցրտի հետեւանքով, սակայն մրջյունների թիվը պահպանվում է, նույնիսկ աճում՝ վերեւից թափվող աշխատող միջատների հաշվին: