Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Միջազգային հասարակական կրթական ասոցիացիայի համաշխարհային կրթական ռեսուրսների եւ տեխնոլոգիաների ուսուցման կազմակերպության /ORT/ միջեւ այսօր` հոկտեմբերի 14-ին կնքվել է կրթության համագործակցության մասին հուշագիր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ մամուլի ծառայությունից, հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, GEO  համաշխարհային ORT-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Սինգերը եւ Համաշխարհային ORT-ի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ Լուսիեն Կալֆոնը: Հուշագրի ստորագրմանը ներկա են գտնվել նաեւ Հայաստանում ORT-ի ներկայացուցիչ Սվետլանա Հարությունյանը եւ Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

Նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է, որ Միջազգային հասարակական կրթական ասոցիացիայի համաշխարհային ORT-ի մուտքը  Հայաստան հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդել  բարեկամական կապերը, այլեւ նոր հեռանկարներ բացել կրթության ոլորտում համագործակցության համար:

Ռոբերտ Սինգերն իր հերիթն նշել է, որ իրենց  կազմակերպության նպատակն է կրթության եւ ուսուցման  միջոցով բարձրացնել  հասարակության կենսամակարդակը: Ներկայացնելով կազմակերպության գործունեությունը` նա նշել է, որ այն աշխարհի 50 երկրում իրականացնում է կրթական ծրագիր, որի շրջանակում յուրաքանչյուր տարի կազմակերպության դպրոցներում, քոլեջներում եւ բուհերում սովորում է ավելի քան 300 հազար ուսանող: Միջազգային համագործակցության շրջանակում կրթության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման եւ միջին ու բարձրագույն մասնագիտական կրթության ապահովման  միջոցով կազմակերպությունն աջակցում է անդամ երկրների տնտեսական եւ սոցիալական զարգացմանը:

Կազմակերպությունը համագործակցում է նաեւ Մայքրոսոֆթ ընկերության հետ, որի իրականացրած ուսումնասիրությունները կիրառվում են կազմակերպության դպրոցներում:

Հուշագիրը ենթադրում է կրթության բնագավառում բարձր տեխնոլոգիաների ներմուծում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացում, ինտերնետի գործածում ու զարգացում կրթական գործընթացում, ՀՀ ուսումնական հաստատություններում բարձր տեխնոլոգիայի կենտրոնների զարգացմանը նպաստող ծրագրերի մշակման հնարավորություն: