Լեռնային Ղարաբաղի կրթության համակարգը նոր ուսումնական տարի է անցնում մի շարք նորամուծություններով։ Հիմնական նորամուծությունն է ավագ դպրոցը, որի բացումը համարվում է ԼՂՀ կրթության համակարգի ռազմավարական խնդիրներից մեկը։

Ըստ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի, ավագ դպրոցի ստեղծումը ուղղված է ուսուցման բարձր որակին, ուսումնական ընթացքի արդիականացմանը եւ ուսուցման արդյունքների բարձրացմանը։ Ավագ դպրոցի կարգավիճակով հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գործելու են 2 դպրոցներ՝ № 8 եւ № 11, հումանիտար եւ բնագիտական առարկաների 292 ու 191 մասնակիցներով։ Ավագ դպրոցները գործելու են նաեւ հանրապետության շրջաններում։

Ավագ դպրոցներում իրենց ուսումը կշարունակեն միջնակարգ դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները, որոնք կսովորեն այստեղ եւս 3 տարի։ 10-12 դասարանները բաժանված են հումանիտար եւ բնագիտական հոսքերի։ Վլադիկ Խաչատրյանի խոսքով, ավագ դպրոցներում ստեղծված են առաջնահերթային հոսքեր, որը հետագա մասնագիտացված կրթության հնարավորություն է ընձեռում։ Ավագ դպրոցները համապատասխան դասավանդող կադրերով ապահովելու միջոցառումներ են իրականացվում, վերապատրաստվում են դասատուները։

ԼՂՀ մայրաքաղաքում գործում է նաեւ 10 հանրակրթական դպրոցներ, ֆիզիկամաթեմատիկական դպրոց, ռազմասպորտային գիմնազիա, խորեոգրաֆիկ ուսումնարան եւ այլն… Մի քանի դպրոցներում շինարարական աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես՝ №11 դպրոցի համար նոր շենք եւ №1դպրոցի նոր մասնաշենք է կառուցվում։ Ընթացող տարում Ստեփանակերտում կբացվի եւս մեկ պետական մանկապարտեզ։ Հատուկ ուշադրություն է դարձվում արհեստի դպրոցներին եւ միջնակարգ մասնագիտացված ուսումնական հաստատություններին։

Պետական բյուջեից միջոցներ կտրամադրվի ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ տեխնոլոգիական, համակարգչային, լաբորատոր սարքավորումների ձեռքբերման համար։

Հանրապետության գյուղերի դպրոցները համապատասխան մասնագետներով ապահովելու նպատակով աշխատանքի ուղարկված դասատուներին խրախուսման առնչությամբ կառավարության կողմից նոր կարգ է հաստատվել, որի համաձայն պետական բյուջեից նրանց կտրամադրվի աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար եւ բնակավայրի վարձակալության համար 20 հազարական դրամ աջակցություն։

ԼՂՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինծառայողների երեխաներին 30 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն է ցուցաբերվել։ Հանրապետության առաջին դասարանցիները ստացել են 20 հազարական դրամ։