Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին դադարեցրել է հացադուլը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Նա տեղեկացրեց, որ փաստաբաններն են հորդորել Խանդոյանին դադարեցնելու սեպտեմբերի 6-ին սկսած հացադուլը, քանի որ դա պայքարի արդյունավետ եղանակ չէ։ Բացի այդ, Խանդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, դեռ արցախյան պատերազմից մարմնի մեջ 12 բեկոր է մնացել, եւ հացադուլը կարող էր լրջորեն վնասել նրան։

Արարատ Խանդոյանը բողոքում էր իր դեմ իրականացվող քրեական հետապնդումից: Նրա մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբայրն է: