Ֆրանսիայում մինչեւ տարեվերջ մոտ 12 հազար տեղ է ստեղծվելու՝ այսպես կոչված Կալեի ջունգլիներից փախստականներին տեղավորելու համար, հայտնում է Le Figaro-ն:

Հիմա Կալեում փախստականների ճամբարը գերբնակեցված է: Իրավապաշտպանների տվյալներով հիմա այնտեղ ավելի քան 9000 միգրանտ կա: «Ջունգլիների» բնակիչների մեծ մասը Աֆղանստանից, Իրաքից, Սուդանից ու Էրիտրեայից են ու հույս ունեն ցանկացած հնարավոր ձեւով հատել Լա Մանշը ու հասնել Մեծ Բրիտանիա:

Տարածաշրջանում իրավիճակը ծայրաստիճան լարված է: Հեռու տեղեր բեռներ տեղափոխողները դժգոհում են, որ ճանապարհին իրենց վրա ամեն գիշեր հարձակվում են միգրանտները, որոնք փորձում են թաքնվել Մեծ Բրիտանիա ուղեւորվող բեռնատարներում: Բացի դրանից միգրանտները ոչնչացնում են ապրանքը ու կտրում մեքենաների վրայի պաշտպանիչ ծածկույթը: Տեղի ձեռնարկությունները հայտնում են միգրանտների վարքագծի հետեւանքով ամենօրյա զգալի կորուստների մասին: