Այսօր` հոկտեմբերի 15-ին Արագածոտնի Նոր Եդեսիա գյուղում ավարտվել է համայնքային կենտրոնի վերանորոգումը: Այն կատարվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող, «Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի» (CHF) եւ «Շեն» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի (ՓԵՎԾ) շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստան առաքելության փոխտնօրեն Ջոն Սյոնգը, Օրանժ/Հայաստանի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Նոր Եդեսիայի գյուղապետ Վահան Աբգարյանը, «Շեն»-ի տնօրեն Հայկ Մինասյանը, CHF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Զորան Ռադիչը, ծրագիրն  իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները եւ համայնքի անդամները:

Համայնքային կենտրոնում գործելու է ինտերնետ կենտրոնը, որը սարքավորումներով զինել է  «Շեն»-ը` համագործակցելով Օրանժ/ Հայաստանի հետ: Համայնքային կենտրոնում երկու սենյակ տրամադրվելու է  Ջուր օգտագործողների միությանը եւ Հայփոստի գրասենյակներին վարձակալությամբ, որը գյուղապետարանին կապահովի կենտրոնի պահպանման ծախսերի համար անհրաժեշտ եկամուտով:

Հայաստանում ԱՄՆՄԶԳ առաքելության փոխտնօրենը նշել է, որ Նոր Եդեսիայի համայնքային կենտրոնի  վերանորոգման ծրագրից բացի ԱՄՆՄԶԳ-ի կողմից Արագածոտնում իրականացվող ծրագրերը ներառում են Մաստարայի մանկապարտեզի, Փարպի եւ Ծաղկահովիտ համայնքների նախակրթարանների, ինչպես նաեւ Աշնակի ու Կաթնաղբյուրի համակարգչային ակումբների վերանորոգման ծրագրերը:

Մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի վերջը ՓԵՎԾ-ն ակնկալում է ավարտել ենթակառուցվածքների վերականգնման 48 ծրագիր, որոնցից կօգտվեն մոտավորապես 38,000 հազար մարդ, իսկ 800 հայաստանցի կապահովվի կարճաժամկետ աշխատանքով: Մոտ 140 մարդ նաեւ կունենա մշտական զբաղվածություն ՓԵՎԾ-ի կողմից վերականգնված ենթակառուցվածքներում: