Գալապագոսյան կղզիներում ապրող վիթխարի էսպանյոլյան կրիայի որձը միայնակ կարողացել է ոչ միայն պահպանել, այլեւ վերականգնել իր անհետացող տեսակը, հայտնում է Daily Mail-ը:
Գալապագոսի ազգային այգու կենդանաբանները որձին կղզի են բերել ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգուց՝ հաջողության առանձնապես ոչ մի հույս չփայփայելով: Սակայն 1976 տվականից «սեքսով մոլեգնած» Դիեգոն դարձել է 800 ձագի հայր, որոնք իրենց հերթին լույս աշխարհ են բերել եւս 1200 ձագուկների: Մինչ Դիեգոյի հայտնվելը կղզիներում ապրում էր ընդամենը երկու որձ եւ 12 էգ: Այսպիսով, Chelonoidis hoodensis տեսակն այլեւս անհետացման վտանգի ենթակա չէ:
Գիտնականները Դիեգոյի հաջողություններին առաջին անգամ ուշադրություն են դարձրել 2010 թվականին, երբ իրականացնում էին էսպանյոլյան կրիաների գենետիկական հետազոտություն: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ որձը միայնակ նպաստել է միայն Գալապագոսյան կղզիներում ապրող այդ տեսակի ներկայացուցիչների 40 տոկոսի լույս աշխարհ գալուն:
Կրիաների անհետացող տեսակների պահպանման մասնագետ Վաշինգթոն Թափիան նշել է, որ 100-ամյա Դիեգոն ներկայումս ապրում է վեց էգերի «հարեմով» եւ շարունակում է ժառանգներ ունենալ: Կրիան մոտ 82 կգ է կշռում:
Դիեգոն հերքել է բնական ընտրության սկզբունքները՝ վերականգնելով կրճատված պոպուլյացիան: Ըստ որում՝ հենց Գալապագոսում է անգլիացի բնագետ Չարլզ Դարվինը իրականացրել իր հետազոտությունները, որոնք հետագայում դրվեցին տեսակների առաջացման եւ ուժեղագույնների գոյատեւման տեսության ստեղծման հիմքում:





























