Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքը ներկայացվել է որպես «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու հիմնավորում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը՝ նշելով, որ Վալերի Օսիպյանը ճանաչվել է գործով տուժող:

«Կալանքը երկարացնելու միայն այդ մի ցուցմունքն էր չակերտների մեջ հիմնավորող, որովհետեւ այդ ցուցմունքի մեջ Պավել Մանուկյանին մեղսագրվող որեւէ կոնկրետ  բան չկար:  Այդ ապացույցը  Պավլիկ Մանուկյանի լուսանկարն էր, որ նա եղել է  ՊՊԾ գնդի տարածքում, բոլորն էլ գիտեն, որ եղել է ու դա ապցուցելու որեւէ խնդիր չկար: Մենք երեկվա այդ բաներից ենք իմացել, որ Վալերի Օսիպյանը որպես տուժող է ճանաչվել»,-NEWS.am_ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Պավլիկ Մանուկյանի կալանքի ժամկետը սպետեմբերի 22-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանը եւս երկու ամսով երկարացրել են:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։