«Սասնա ծռեր» խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանն այսօր` սեպտեմբերի 23-ին,  բացարկի միջնորդություն է ներկայացրել Գրիգորյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննող դատավորին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը:

«Պարզ է, որ դատավորը եկել էր,  որ պատրաստի որոշումը հրապարակի: Մենք սկզբում միջնորդեցինք,  որ դատարան գա քննչական խմբի ղեկավարը, սակայն, դատավորը մերժեց այն: Ապա միջնորդեցինք,  որ դատարանը քննչական խմբի ղեկավարին պարտավորեցնի ներկայացնել արդարացնող ապացույցները,  դա էլ մերժվեց: Ու մենք  ներկայացրինք բացարկի միջնորդություն` հիմքով,  որ նման դատավորը չի կարող արդար որոշում կայացնել հատկապես քաղաքական գործերով»,- ասաց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարան է ներկայացվել բժիշկների ցուցմունքը,  այնտեղ ոչինչ չկա այն մասին, որ Էդվարդ Գրիգորյանը նրանց պատանդ է պահել:

Փաստաբանը դատարանից ժամանակ է խնդրել մեղադրանքի հետ իր պաշտպանյալի կապ չունենալու վսրաբերյալ դատարան ապացույցներ ներկայացնելու համար:

Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը կկայանա վաղը ժամը 18:00-ին:

Էդվարդ Գրիգորյանը մեղադրվում է զենք ու զինամթերք կրելու եւ բժիշկներին պատանդ պահելու մեջ: