Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված  Անդրիաս Ղուկասյանը եւս երկու ամիս կմնա անազատության մեջ: Այսօր` սեպտեմբերի 24-ին,  Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներակայացրած միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է տեղի ունենում: Նա նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը սպասում էր դատարանի այս որոշմանը:  Փաստաբանի խոսքով` Անդրիաս Ղուկասյանը լավ է տրամադրված եւ նա փոխանցել է կնոջն ու աղջկան չանհանգստանալ եւ լավ մնալ: