Հայոց համազգային շարժում կուսակցությունը վերջին ամիսներին ակտիվացրել է իր շփումները եվրոպական կառույցների հետ: Այդ մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ համագործակցության մեջ առաջնային դեր է խաղում քաղբանտարկյալների թեման:
Մանուկյանը, մասնավորապես, գործունեության 4 ուղղություն նշեց: «Առաջին, ԵԽԽՎ-ում լիբերալների խմբակցութան ղեկավար Աննա Բրայսլոֆի նամակն է, որտեղ վերջինս նշել է, որ աջակցելու է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Երկրորդը եվրոպական լիբերալների նամակն է՝ ուղղված ՀՀՇ-ին, որտեղ նրանք եւս իրենց աջակցությունն են հայտնում»,- նկատեց Մանուկյանը:
Ըստ ՀՀՇ նախագահի՝ 3-րդը դա Պոտսդամում Ադրբեջանի «Մուսավաթ» եւ Վրաստանի Հանրապետական կուսակցությունների հետ ստորագրած հռչակագիրն է, որը Մանուկյանն «աննախադեպ հաջողություն է համարում»: «Այդ հռչակագրում կա՝ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն ու քաղբանտարկյալների ազատ արձաման կոչը՝ ուղղված երեք երկրների իշխանություններին»,- արձանագրեց Մանուկյանը՝ հավելելով, որ «սա խիստ համարձակ քայլ էր»:
Չորրորդն, ըստ ՀՀՇ վարչության Հելսինկիում եվրոպական լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարին մասնակցությունն է եւ Հայաստանի հարցով ընդունված հրատապ բանաձեւը, որտեղ «Հայաստանի իշխանություններից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին»:
Արամ Մանուկյանը հայտնեց, որ ՀՀՇ-ն միայն այս տարվա գարնանն է անդամակցել այդ կառույցին, որը մոտ 1,5 միլիոն անդամ, 5 վարչապետ եւ 8 եվրահանձնակատար ունի:





























