Գյումրիի «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լեւոն Բարսեղյանը, որը նախնական տվյալով ԳԱԼԱ կուսակցութան ցուցակով ընտրվել է որպես Գյումրիի ավագանու անդամ, հարց է բարձրացնում՝ որտեղի՞ց են ավելացնելու եւս 4 մանդատ «Բալասանյան» դաշինքի համար, որպեսզի մանդատների թիվը դառնա 17՝ բացարձակ մեծամասնություն:

Նրա խոսքով, Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ մասի համաձայն բաշխելու դեպքում ՀՀԿ-ն ստանալու է 15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9 մանդատ, ՀՎԿ-ն (նախկին ՕԵԿ-ը)՝ 5 մանդատ, իսկ ԳԱԼԱ-ն՝ 4 մանդատ:

«Իշխանությունները, վկայակոչելով նույն օրենքի 141 հոդվածի 5-րդ մասը, պնդում են, թե քանի որ 15 մանդատը բոլոր 33 մանդատների թվից 40 եւ ավելի տոկոս է, ուրեմն «Բալասանյան» դաշինքը պիտի ստանա մանդատների մեծամասնությունը՝ առնվազն 17 մանդատ»,-ասել է նա ու մի շարք հարցեր բարձրացրել.

«Որտեղի՞ց են ավելացնելու եւս 4 մանդատ ՀՀԿ+ՀՔԴՄ-ին, որ ավել լինի մյուսների մանդատների հանրագումարից՝ 18-ից (9-ԲՀԿ+5-ՀՎԿ+4-ԳԱԼԱ): Եթե ավելացնելու են, ապա ի՞նչ իրավունքով են ավելացնելու, որովհետեւ նույն օրենքով Գյումրիի ավագանու անդամների թիվը սահմանված է 33 հոգի:

Երկրորդ հարցը՝ եթե չեն ավելացնելու, բայց որպես 33-ի բացարձակ մեծամասնություն սահմանելու են 17 եւ համարելու են «Բալասանյան դաշինքի» նվազագույն մանդատների թիվ, ումի՞ց են վերցնելու արդեն բաշխված այդ երկու մանդատը, որ դնեն 15-ի վրա, ԲՀԿ-ի՞ց, ՀՎԿ-ի՞ց, թե՞ ԳԱԼԱ-ից: Ի՞նչ իրավական հիմքով են նվազեցնելու նրանցից մեկի կամ մի քանիսի մանդատների թիվը, երբ դրանք ճշգրիտ հաշվարկվել են նույն ԸՕ 141-ի 4-րդ մասի բանաձեւով:

Երրորդ հարցը՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ բանաձեւով են բաշխելու «փոքրամասնության» 16 մանդատները երեք ընդդիմադիր կուսակցություններին, եթե «Բալասանյան» դաշինքին տալու են 17 մանդատ: Որտե՞ղ է այդ սահմանում-բանաձեւը, ասենք՝ 141-ի չորրորդի պես հստակ կամ անհստակ սահմանված:

Չորրորդ հարցը՝եթե ԸՕ 141 հոդվածի 5-րդ մասը դոմինանտ է 141-ի 4-ի նկատմամբ, ապա որտեղ է սահմանված այդ գերակայությունը, մանավանդ 141-ի 5-ում հստակ հղում կա 141-ի 4-րդ մասով հրամայականորեն կատարվելիք մանդատների բաշխման ակտի նկատմամբ: Ակնհայտորեն 141-ի 5-րդ մասը (որ մանդատների 40 տոկսից ավելին ունեցողը ստանում է մանդատների մեծամասնությունը) հենվում է նախորդ հոդվածի կատարողականի վրա:

Հինգերերոդ՝ ինչի՞ հիման վրա է մանդատների 40 տոկոսից ավելի ստացած քաղաքական ուժի մեծամասնությունը սահմանվում 17 մանդատ (այդպես է խոսվում հանրապետական շրջանակներում, իսկ մնացածը՝ մյուսներին), ինչու ոչ 25, կամ 30, իսկ մնացած երեքը՝ մեկական մյուս կուսակցություններին:

Սրանք հարցեր են, որոնց ՀՀԿ+ՀՔԴՄ դաշինքին 17 մանդատ տալու կողմնակիցները չեն կարողանում պատասխանել կամ պատասխանում են օրենքի մանիպուլյատիվ մեկնաբանությամբ:

Օրենքի 141-ի 4-րդ մասը սահմանում է մանդատների բաշխումը ընդհանրապես եւ ավարտում է այդ բաշխումը, սպառում է այդ գործընթացը: Այդ մասում վերապահում չի արվում 5-րդ մասին, չի ասում՝ «բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցություններից մեկը կամ երկուսը ստանում է մանդատների 40 եւ ավելի տոկոսը...»: Եթե լիներ այդ վերապահումը, ակնհայտ եւ արդարացի կլիներ 5-րդ մասի գերակայությունը 4-րդի նկատմամբ:

Հիմա ստացվում է, որ մանդատները բաշխումն ավարտվում է, ապա պարզվում է, որ մեկը 40 տոկոսն անցել է ու մանդատներից մի քանիսը հետ են վերցվում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեւոն Բարսեղյանը:

Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ կարող էին օրենքում նախ սահմանել 40 տոկոս եւ ավելիի դեպքը, ապա միայն սահմանել, որ եթե այդպիսի դեպք չի պատահել, այսինչ բանաձեւով է կատարվում մանդատների բաշխումը: ԿԸՀ-ն, ըստ նրա, պարտավոր է օրենքը կիրառել հասարակ տրամաբանության եւ «Իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ նախ կատարելով 141-ի 4-ի պահանջը, ապա անցնել 141-ի 5-ին:

«Ահա Գյումրիի դեպքում 141-4-ով բաշխելուց հետո, ԿԸՀ-ն չի կարողանալու մնացածն անել՝ ավելացնել Բալասանյան դաշինքի մանդատների թիվը, նաեւ այն պատճառով, որ չկա այդ մանդատների թվի մեծացման մեխանիզմը: Ակնհայտորեն անկատար է 141-ի 5-րդ մասը, կամ անկատար է 40%+- ը մեծամասնության դոկտրինը ընդհանրապես: Եթե նույն բանաձեւով Երեւանի 2009, 2013 թթ. ընտրություններում խնդիրներ չեն եղել, որովհետեւ ՀՀԿ-ն տարել է 60-70 տոկոս, դա դեռ չի նշանակում, որ չեն լինելու կամ չէին լինելու, եղավ հիմա: ՀՀ ԱԺ 2017 թվի ընտրական համակարգում այս դրվագը լուծված է «առնվազն 101 պատգամավոր» մոտեցմամբ:

Հիմա այս թերակատարությունը բախվում է Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցությունների շահերին եւ դրանով քաղաքի շահերին»,- գրել է նա:

Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ եթե ԿԸՀ-ն կամայական մեկնաբանության ենթարկի օրենքի 141-ի 4 եւ 5-րդ մասերը, վեճ է առաջանալու, այն հասնելու է Սահմանադրական դատարան:

Խնդրում եմ հաշվի առնել, որ այս վերլուծությունը հենվում է նախնական արդյունքների վրա: Գյումրու տեղամասերում վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել ՀՀԿժՀՔԴՄ դաշինքը եւ ԲՀԿ-ն, իսկ «Համախմբում» կուսակցությունը բողոքարկել է տեղամասերից մեկի արդյունքները, որտեղ 99 հատ չսահմանված նմուշի քվեարթերթիկ են հանել քվեատուփից: Կարող է շատ բան փոխվել քվեների աղյուսակում, ընդհուպ մինչեւ որոշ տեղամասերում վերաքվեարկություն»,- գրառումը եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Գյումրիում անցկացված ավագանու անդամների ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Բալասանյան» դաշինքը ստացել է քաղաքի ներկայացուցչական մարմնի մանդատների ավելի քան 40%-ը: Եվ այս դեպքում, ՀՀ Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 5-րդ կետի համաձայն, այսպես կոչված, բոնուսի հաշվին դաշինքին 17 մանդատ է տրվում՝ բացարձակ մեծամասնություն: Սա հաստատել է նաեւ ԿԸՀ նախագահը: Նա բացատրել է, որ նախ համամասնության սկզբունքով մանդատները բաշխվում են այն կուսակցությունների միջեւ, որոնք հաղթահարել են շեմը: Եթե այդ բաշխումից, ինչպես նաեւ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի մանդատների հավելումից հետո որեւէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ընդհանուր թվի ավելի քան 40%-ը, բայց ոչ բացարձակ մեծամասնություն, ապա նրան լրացուցիչ մանդատներ են տրամադրվում՝ մինչեւ բացարձակ մեծամասնության ապահովում: Մնացյալ մանդատներն արդեն համամասնության սկզբունքով բաժանվում են մյուս կուսակցությունների միջեւ: