Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր` հոկտեմբերի 19-ին հաստատել է այն լուրերը, որ Հայաստանի 910 համայնքներից 230-ը 2011 թվականին ավելի քիչ դոտացիա կստանան, քան ստանում են այս տարի։ Նա դա բացատրել է ֆինանսական համահարթեցման մասին օրենքով, որտեղ սահմանված են դոտացիաները հաշվելու կանոնները։

Սակայն այսօր կայացած բյուջետային քննարկումների ժամանակ մարտունեցի պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, որ քաղաքական որոշում է կայացվել համայնքներին տրվող դոտացիաները չկրճատելու մասին։ Այդ պատճառաբանությամբ պատգամավորը կառավարության ներկայացուցչից պահանջեց վերականգնել կրճատված դոտացիները։ Սակայն Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ ոչ բոլոր հարցերն են քաղաքական որոշումներով կարգավորվում։ Իսկ տվյալ հարցի վերաբերյալ քաղաքական որոշում հնարավոր չէ կայացնել, քանի որ դոտացիաները կարգավորող առանձին օրենք գոյություն ունի։ «Քաղաքական որոշումն այն կլինի, որ օրենքը փոխվի»,- ասաց ֆինանսների փոխնախարարը։