Վերանորոգված ՀԱԷԿ-ի հոսանքի ինքնարժեքն ավելի ցածր կլինի: Այդ մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքերի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցերով ԱՊՀ երկրների հանձնաժողովի նիստի ժամանակ, որը Երեւանում էր անցնում։

 Նախկինում  նախատեսված էր նորոգել կայանի գեներատորներն ու դրանց տուրբինները: Սակայն հաշվարկները ցույց էին տվել. գործնականում ավելի ձեռնտու է ոչ թե դրանք նորոգելը, այլ հիմնովին արդիականացնելը:

ВВЭР-440 ռեակտորի տեսական հզորությունը Հայկական ԱԷԿ-ի 2-րդ (գործող) էներգաբլոկում 440 ՄՎտ է:Մի շարք գործոնների պատճառով գործնական մաքսիմումը սահմանված էր 407,5 ՄՎտ, իսկ մի շարք այլ սահմանափակումներից ելնելով՝ աշխատանքային հզորությունը 390 ՄՎտ էր: Արդիականացումից հետո տուրբինները կունենան ավելի բարձր ՕԳԳ, ինչը թույլ կտա աշխատանքային հզորությունը հասցնել 430, հնարավոր է նույնիսկ ՝ 440 ՄՎտ-ի:

 «Մրցույթի համար տեխնիկական պահանջներն արդեն մշակված են: Հիմա տեսնենք, թե ով ավելի ձեռնտու առաջրկներով հանդես կգա», - նշեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի գործողության ժամկետի երկարացման աշխատանքներն իրականացվում են ՌԴ Կառավարությունցի ստացված 270 մլն վարկային գծի ու 30 մլն դրամաշնորհի շրջանակում։ Էներգաբլոկի գործողության ժամկետը կերկարացվի 10 տարով, մինչեւ 2026թ․։ Մինչ այդ ծրագրվում է ավարտել նոր էներգաբլոկի շինարարությունը։