Հայաստանում դեֆոլտային ռիսկեր չկան եւ մոտակա հեռանկարում չի նկատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե մոտ ժամանակներս Հայաստանին տնտեսական աղետ՝ դեֆոլտ է սպասվում:

«Բնականաբար, այստեղ գույներն ավելի խտացված են: Տնտեսագիտական իմաստով այս պահին Հայաստանը չի գտնվում դեֆոլտի ռիսկերի դաշտում: Դեֆոլտը նշանակում է երկրի սնանկացում, իսկ դա նշանակում է միջազգային պարտավորությունների կատարման անկարողություն: Այո, Հայաստանն այսօր առաջին հերթին, արտաքին պարտքի սպասարկման խնդիր ունի, սակայն անկախ այն հանգամանքից, որ այդ գումարների կառավարման առումով ունենք ոչ արդյունավետություն, բայց սպասարկման առումով տասնյակ տարիներ Հայաստանը միջազգային ֆինանսական կառույցների նկատմամբ որեւէ խնդիր չի ունեցել ու հիմա էլ չունի՝ պարտքի սպասրկման առումով»,-ընդգծեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է սոցիալական իրավիճակին, Բոստանջյանն ասաց. «Սոցիալական ծրագրերը լավն են, թե վատը, բայց բյուջեի 40 տոկոսը գնում է նման ծրագրերի իրականացմանը: Մենք ըստ էության հասկանում ենք, որ կենսաթոշակների, նպաստների կտրվածքով ունենք ցածր մակարդակ, ինչը հեռանկարում պետք է մեծացնել, բայց դրանով հանդերձ դեռեւս Հայաստանում չկա նախանշան, որ այդ սոցալականա ծրագրերը եւս չեն կատարվում: Այս երկու հիմնական իրավիճակներից ելնելով, կարող ենք պնդել, որ դեֆոլտային ռիսկեր չկան եւ մոտակա հեռանկարում չի նկատվում»:

Այդուհանդերձ, ըստ Բոստանջյանի, այսօր երկրի տնտեսությունը ծանր վիճակում է, որը խոստովանում են իշխանությունները. «Եթե տեւական ժամանակ քայլեր չկատարվեն տնտեսության վիճակը բարելավելու ուղղությամբ, կա հավանականություն, որ կհայտնվենք դեֆոլտային վիճակում, բայց կարծում եմ, հիմա դրա մասին ահազանգելը նպատակահարմար չէր:  Այդ մակարդակում անհանգստությունն ու մտահոգությունը հնարավոր էր հայտնել երկրի բարձրագույն իշխանությանը՝ առանց բարձրաձայնելու, հատկապես որ որոշ ժամանակ առաջ երկրի առաջին եւ երրորդ նահագահները հանդիպել էին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահը հայտարարել էր, թե Հայաստանին մոտ ժամանակներս իրական տնտեսական աղետ՝ դեֆոլտ է սպասվում: «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի եւ ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»,-ասել է նա: