Եթե 2017 թվականին Հայաստանում պատգամավորների թիվը սպասվածից ավելին լինի, Կառավարությունը բյուջեից կավելացնի խորհրդարանի ֆինանսավորումը: Այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին: Վերջինը հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է նախապես հաստատել խորհրդարանի ֆինանսավորումը, եթե առայժմ հայտնի չէ, թե քանի պատգամավոր այն կունենա:
Նշենք, որ ներկայում խորհրդարանի պատգամավորների թիվը ֆիքսված է՝ 131: Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ ընտրություններից հետո այդ թիվը կարող է 105 լինել: Բայց դա նվազագույնն է, իսկ վերջնական թիվը կախված կլինի այն հանգամանքից, թե որքան ձայն կհավաքեն իշխանությունն ու ընդդիմությունը, արդյոք երկրորդ փուլ անցկացնելու կարիք կլինի:
«Հիմա, եթե պատգամավորների թիվը 105 լինի, նշանակում է, որ խորհրդարանին ավելի քի՞չ գումար կհատկացնեն»,- հարցրել է Պողոսյանը: «Այնքան գումար կհատկացնեն, որքան կարիք կլինի: Եթե ընտրություններից հետո պարզվի, որ անհրաժեշտ է ավելին հատկացնել, Կառավարությունը դա կանի պահուստային ֆոնդի հաշվին»,- պատասխանել է Ջանջուղազյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախանշված են 2017 թվականի ապրիլի սկզբին:




























