Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստին այսօր` նոյեմբերի 8-ին, դատավոր Դավիթ Բալայանը կրկին բարձրացրեց հարցը` ինչու են ծննդկանին պատգարակով տեղափոխել են հարազատները, ոչ թե «Շենգավիթի»բուժաշխատողները:

«Հարազատներն ասում են` իրենք են Մերի Մարգարյանին պատգարակով մոտեցրել  Շտապօգնության մեքենայի»,- ասաց դատավորը` դիմելով գործով վկա, «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրենի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանին:

ԲԿ-ի փոխտնօրենը նախ նշեց` միգուցե հարազատներն են այդպես ցանկացել, ապա հավելեց.  «Եթե 60 տարեկան սանիտարկա է, իսկ երիտասարդ հարազատներն էլ առաջարկում են օգնել, թող օգնեն»:

Պատասխանը Դավիթ Բալայանին կարծես հունից հանեց. «60 տարեկան սանիտարկա մի պահեք, 40 տարեկան երիտասարդի գործի ընդունեք»:

Դավիթ Մխիթարյանը հակադարձեց, թե ցածր աշխատավարձով երիտասարդներ չեն գալիս:

«Բարձր աշխատավարձ տվեք, մասնավոր հիմնարկ եք»,- ասաց դատավորը, ինչին փոխտնօրենն արձագանքեց` ինքը չէ աշխատավարձի չափը որոշում:

Նշենք, որ այս հարցը դատավորը բարձրացրեց նաեւ նախորդ նիստի ժամանակ, երբ ցուցմունք էր տալիս մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանը:

«Ուր էր ձեր շնորհքը, պարոն Սիրունյան, Մերի Մարգարյանի հարազատները նաեւ ձեր մարդկային վերաբերմունքի բացակայությունից են բողոքում»,- ասել էր Դավիթ Բալայանը:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները պնդում են, որ հուլիսի 27-ին հղիին իրենք են պատգարակով մոտեցրել Շտապօգնության մեքենային, քանի որ ոչ մի բուժաշխատող չի եղել, որ տեղափոխումը կազմակերպի:

Նշենք, որ ծննդկանի եւ նորածին նստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: